🇦🇲 Հարցազրույցից հետո | Հետադարձ նամակներ

Magnus HR
2 min readOct 29, 2020

--

Նախորդ հոդվածներում ներկայացրինք հարցազրույցին պատրաստվելու ուղեցույցը՝ ներառյալ հարցազրույցին հաճախ տրվող հարցերը: Սակայն հարցազրույցից հետո, նույնպես, կարևոր քայլեր կան:

Հետևողական եղեք Ձեր աշխատանքին և հարցազրույցից հետո հետադարձ նամակով կապ պահպանեք հարցազրուցավարի հետ: Աշխատանքի ընդունման գործընթացի յուրաքանչյուր փուլում հավաքագրման մասնագետի հետ կապի պահպանումը ցույց է տալիս, որ Դուք իսկապես հետաքրքրված եք տվյալ պաշտոնով: Այդ նամակով Դուք կառանձնանաք մյուս թեկնածուներից և ավելի հիշարժան կդառնաք:

Հետադարձ նամակները, ընդհանուր առմամբ, կարելի է բաժանել երեք խմբի՝

  1. նամակ հարցազրույցից անմիջապես հետո,
  2. ընթացիկ նամակ,
  3. նամակ առաջարկ/մերժում ստանալուց հետո:

Նամակ հարցազրույցից անմիջապես հետո

Այս նամակները գրագետ գրելու համար հետևեք ներքում թվարկված 5 քայլերին.

1. Ուշադրություն դարձրեք «թեմա» դաշտին

Հետադարձ նամակի վերնագիրը պետք է լինի պարզ և հստակ՝ խնայելու համար հավաքագրման մասնագետի ժամանակը: Օրինակ՝ «Շնորհակալություն ինձ հատկացված ժամանակի համար, [տեղադրեք հարցազրուցավարի անունը]», «Հետադարձ նամակ [հաստիքի անվանումը] թափուր հաստիքի համար» կամ պարզապես «Շնորհակալություն»:

2. Շնորհակալություն հայտնեք առաջին պարբերությամբ

Առաջին պարբերությունում նշեք հաստիքի անվանումը, շնորհակալություն հայտնեք Ձեր հարցազրուցավարին՝ Ձեզ տրամադրած ժամանակի համար և ցույց տվեք Ձեր հետաքրքրությունը հարցազրույցի հետագա ընթացքի և ընկերության նկատմամբ:

3. Խոսեք Ձեր հետաքրքրությունների, նպատակների և փորձի մասին

Երկրորդ պարբերությունում նշեք ընկերության անվանումը, ինչպես նաև հարցազրույցի այն կետը և/կամ նպատակը, որը հատկապես կարևոր էր թվում հարցազրուցավարի համար: Կապեք այդ կետը Ձեր փորձի և հետաքրքրությունների հետ: Այստեղ փորձեք հնարավորինս յուրահատուկ լինել:

4. Առանձնացրեք Ձեզ մյուս թեկնածուներից

Վերջին պարբերությունում ամփոփ շարադրեք, թե ինչն է Ձեզ յուրահատուկ դարձնում որպես թեկնածու, և ինչ կտա Ձեզ տվյալ պաշտոնը: Վերջում նշեք, որ բաց եք ցանկացած հարցի համար և անհամբերությամբ սպասում եք պատասխանին:

5. Վերջում նշեք Ձեր անուն-ազգանունն ու կոնտակտային տվյալները

Նամակն ավարտեք Ձեր ստորագրությամբ (հիմնականում օգտագործվում է անունն ու ազգանունը) և կոնտակտային տվյալներով:

Ընթացիկ նամակ

Ընթացիկ նամակ խորհուրդ է տրվում գրել, եթե Ձեզ չեն պատասխանել իրենց նշած ժամանակահատվածում: Այս դեպքում սպասեք ևս երկու օր և նամակ գրեք տվյալ ընկերության կամ պատասխանատու անձի էլ. փոստին, որ ցանկանում եք տեղեկանալ Ձեր արդյունքի մասին: Եթե չեն պատասխանում, փորձեք ևս երկու օր հետո զանգահարել: Եթե սա էլ է անպատասխան, ուրեմն իմաստ չունի այլևս որևէ քայլ անել:

Նամակ առաջարկ/մերժում ստանալուց հետո

Առաջարկ/մերժում ստանալուց հետո նույնպես նպատակահարմար է էլ. նամակ գրել: Եթե Ձեզ մերժում են, անպայման շնորհակալություն հայտնեք՝ և՛ գրավոր, և՛ բանավոր տարբերակներում, նշելով, որ շնորհակալ եք իրենց ուշադրության համար և ուրախ էիք իրենց ճանաչել: Երբեք մի՛ դրսևորեք բացասական վերաբերմունք այն անձի հանդեպ, ով Ձեզ տեղեկացնում է մերժման մասին:

Եթե Ձեզ դրական պատասխան են տալիս, ադեկվատ հուզական ռեակցիա տվեք. զանգահարողը պետք է զգա Ձեր մոտիվացիան, բայց և պետք չէ շատ ոգևորվել, քանի որ դա երբեմն անլուրջ կընկալվի: Սրանից հետո կարող եք էլ. նամակ գրել ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով և ցույց տալով Ձեր մոտիվացիան:

Ահա այսքանը հարցազրույցների մասին: Հետևե՛ք մեզ նաև տելեգրամյան ալիքով՝ https://t.me/magnus_careers, իսկ ահա հարցազրույցներին առնչվող ցանկացած հարցի դեպքում դիմեք մեր կարիերայի մասնագետներին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ գիտելիքները լավագույնս կներդնեն՝ Ձեզ օգնելու համար:

Unlisted

--

--

Magnus HR

Your daily source for HR & Recruitment excellence.🚀 Join us for knowledge that elevates. 🌎 Managed by Magnus - HR & Recruitment agency.