🇦🇲 Հարցազրույցին հաճախ տրվող հարցեր | Մաս 2

«Ինչպե՞ս նախապատրաստվել հարցազրույցին» հոդվածում նշել էինք, որ կխոսենք հարցազրույցին հաճախ տրվող հարցերի և դրանց գրագետ ու ճիշտ պատասխան տալու մոտեցումների մասին: Կարևոր ենք համարում նշել, որ մեր նպատակը այն չէ, որ վարպետացնենք թեկնածուներին «պատրաստի ու ճիշտ պատասխաններ» տալու մեջ, ինչում կհամոզվեք, եթե շարունակեք կարդալ :) Ակնհայտորեն երկու գաղափար ենք առաջ մղում՝ լինել անկեղծ ու բաց հարցազրույցների ընթացքում և նախապատրաստվել դրանց հնարավորինս մանրամասն:

Շարունակելով նախորդ հոդվածը՝

Հարց 5. Որո՞նք են Ձեր ուժեղ և թույլ կողմերը

ՄՌԿ մասնագետներն այս հարցի տեսանկյունից երկու խմբի են բաժանվում. մասնագետներ, ովքեր շատ սիրում են այս հարցն ու միշտ ուղղում թեկնածուներին, և մասնագետներ, ովքեր պարզապես ատում են այս հարցը (մենք Magnus-ում, թերևս, երկրորդ խմբին ենք պատկանում ^^)

Ուժեղ կողմերի մասին վերևում խոսեցինք, իսկ թերությունների մասին խոսելիս նշե՛ք մի այնպիսի բան, որը նույնպես վերաբերում է Ձեր աշխատանքային ԵՍ-ին, սակայն այնպիսին, ինչի բարելավելու ուղղությամբ աշխատում եք (եթե իրոք աշխատում եք ։|)։ Օրինակ՝ «Ես բավական լարվում եմ խմբի առջև ելույթ ունենալիս, բայց վերջերս հաճախում եմ այսինչ ակումբը և տարբեր թեմաներով քննարկումներ կազմակերպում, որպեսզի հաղթահարեմ այդ լարվածությունը»:

Հարց 6. Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը

Սա ամենակարևոր հարցն է, ուղղված է հասկանալու գրեթե ամեն ինչ Ձեր մասին: Հրաշք հարց է, ու թույլ կտա Ձեզ լիովին ինքնարտահայտվել, ուստի պատասխանեք այս հարցին մինչև հարցազրույցի գնալը՝ ինչ ձեռքբերումներ եք ունեցել Ձեր՝ նախկինում ստանձնած յուրաքանչյուր դերի շրջանակում:

Եթե չեք կողմնորոշվում, թե ինչ ասել է «ձեռքբերում», ապա դա այն բոլոր նախագծերն են, որոնք Դուք արել և հաջողել եք, կարող է լինել որևէ նախագիծ, առաջադրանք կամ մի ամբողջ աշխատանք:

Երբ խոսում եք ձեռքբերումների մասին, մտածեք նաև հիմնավորման մասին։ Հարցազրուցավարը Ձեզնից պետք է հստակություն լսի, այսինքն հասկանա, որ Դուք իսկապես ունեք քանակական ու որակական ցուցանիշներ որևէ փորձառնություն կամ երևույթ ձեռքբերում համարելու համար։

Հարց 7. Որտե՞ղ եք Ձեզ պատկերացնում 5 տարի հետո

Սա նույնպես դասվում է այն հարցերի շարքին, որ Magnus-ով չենք սիրում :|, սակայն այս հարցը հաճախ է տրվում, այդ պատճառով էլ անդրադարձել ենք: Միտված է հասկանալու Ձեր կարիերայի նպատակները։ Ենթադրում ենք, որ գործատուներն այս հարցով ցանկանում են կանխատեսել այն ժամանակահատվածը, որ Դուք պատրաստվում եք մնալ տվյալ ընկերությունում, այսինքն որքան Ձեր կարիերայի նպատակները համընկնեն ընկերության նպատակների հետ, այնքան ձեր համագործակցությունը երկար կլինի:

Ամեն դեպքում, Ձեր պատասխանի մեջ երեք բան արժե, որ երևա՝

  1. որ Դուք առաջին անգամ չեք մտածում այս հարցի շուրջ
  2. որ Դուք գիտեք՝ ինչ եք ուզում
  3. որ Ձեր ապագայի պատկերացումներն անմիջականորեն կապված են գոնե տվյալ ոլորտի հետ, այսինքն՝ Դուք հստակ եք Ձեր մասնագիտական քայլերում։

Լրիվությամբ նորմալ է, եթե հստակ չեք։ Չարժի հակառակը պնդել, ուղղակի անկեղծորեն ասեք, որ այս պահին դեռ փորձարկումների փուլում եք և դեռևս պետք է հասկանաք՝ դեպի ուր եք գնում։

Հարց 8. Ինչո՞ւ եք ցանկանում փոխել աշխատանքը կամ ինչո՞ւ եք դուրս եկել նախորդ աշխատանքից

Բավականին տարբեր են այն մեկնաբանությունները, թե ինչու է այս հարցը տրվում: Ընդունված կարծրատիպ կա, որ եթե տվյալ աշխատակիցը նախկին գործատուին լքել է ինչ-որ կոնֆլիկտի կամ խնդրի պատճառով, ապա հավանական է, որ այդ խնդիրը/կոնֆլիկտը կկրկնվի նաև այստեղ:

Մենք Magnus-ում այդպես չենք կարծում. յուրաքանչյուր մարդ + ընկերություն յուրահատուկ ու առանձին «քիմիա» է, ուստի մի աշխատատեղի խնդիրը չի ցուցում, որ դա պարտադիր կրկնվելու է նաև հաջորդ աշխատավայրում:

Այնուամենայնիվ այս հարցը լսելու դեպքում գնացեք դեպի հարցի դրական կողմ, այսինքն՝ նշեք այն դրական գործոնները, որոնք հաջորդ սպասվող հաստիքում կան, քան այն բացասականները, որ եղել են նախկինում: Օրինակ. «Աշխատանքը փոխելու նպատակը պայմանավորված է նրանով, որ Ձեր ընկերության արտադրանքն ինձ ավելի հետաքրքիր և դինամիկ է թվում, ես ցանկանում եմ մաս լինել այս ամենի»:

Հարց 9. Որքա՞ն աշխատավարձ եք ակնկալում ստանալ

Սա Հայաստանում վտանգավոր հարց է համարվում, քանի որ և՛ գործատուների, և՛ թեկնածուների սխալվելու հավանականությունն այստեղ բավականին մեծ է: Գործատուները սխալվում են աշխատավարձի չափը շատ փաստացի ընկալելով, ու, հնարավոր է՝ թեկնածուին արագ մերժեն միայն այս պատճառով ու առանց հավելյալ քննարկման։

Թեկնածուների մասով. յուրաքանչյուր ձևավորված մասնագետ պետք է պատկերացնի այն գինը, որի դեպքում պատրաստ է իր ռեսուրսներն ու ժամանակը ներդնել տվյալ ընկերությունում: Իսկ եթե սկսնակ եք կամ ինչ-ինչ պատճառներով չեք կարողանում նշել աշխատավարձի չափը, նախապես շուկայական ուսումնասիրություն կատարեք և փորձեք հասկանալ նմանատիպ աշխատանքի դիմաց մարդիկ որքան և ինչ կերպ են վարձատրում:

Այսքանը ։)

Ամփոփելով նշենք, որ սրանք այն բոլոր հարցերը չեն, որ տրվում են հարցազրույցների ժամանակ: Այդ նպատակով էլ Magnus Careers-ում մի նոր ու հետաքրքիր շարք ենք սկսելու։ Լավագույն ՄՌԿ մասնագետներից հարցնելու ենք, թե որն է իրենց ամենասիրելի հարցը, որ տալիս են հարցազրույցների ժամանակ և որն է այդ հարցը տալու հիմնավորումը:

____

Իսկ մինչ այդ ևս մեկ անգամ հիշեցնենք, որ Magnus Careers-ում ունենք ծառայության տեսակ` օժանդակում համալրման պրոցեսում, որի շրջանակներում օգնում ենք է՛լ ավելի լավ պատկերացնել հարցազրույցի գործընթացը, կազմակերպում ենք իրական հարցազրույցներ մասնագետների հետ և տալիս մանրամասն ֆիդբեք։

Եթե զգում եք մեր կարիքը, մենք միշտ այստեղ ենք :)

One of the Magnus’ (HR and Recruiting agency) initiatives with an ambitious mission of making international HR practices reachable in Armenia.

Love podcasts or audiobooks? Learn on the go with our new app.