🇦🇲 Հարցազրույցին հաճախ տրվող հարցեր | Մաս 1

Magnus HR
3 min readSep 1, 2020

Ինչպես նախորդ հոդվածում խոստացել էինք, այս անգամ կխոսենք հարցազրույցին հաճախ տրվող հարցերի և դրանց գրագետ ու ճիշտ պատասխան տալու մոտեցումների մասին: Կարևոր ենք համարում նշել, որ մեր նպատակը այն չէ, որ վարպետացնենք թեկնածուներին «պատրաստի ու ճիշտ պատասխաններ» տալու մեջ, ինչում կհամոզվեք, եթե շարունակեք կարդալ :) Ակնհայտորեն երկու գաղափար ենք առաջ մղում՝ լինել անկեղծ ու բաց հարցազրույցների ընթացքում և նախապատրաստվել դրանց հնարավորինս մանրամասն:

Ինչպես գիտենք՝ յուրաքանչյուր հարցազրուցավար տարբերվում է՝ ցուցաբերելով իր յուրօրինակ մոտեցումները հարցազրույցին, հետևաբար՝ տարբերվում են նաև հարցազրույցին տրվող հարցերը: Մենք փորձել ենք առանձնացնել ամենատարածված 9 հարցերը։

Հարց 1. Մի փոքր պատմեք Ձեր մասին

Այս հարցին պատասխանելիս պետք չէ տրամադրել անձնական բնույթի տեղեկատվություն: Հակիրճ պատմեք աշխատանքային փորձի մասին՝ ընկերության գործունեություն, ինչ եք արել, ինչու եք փոխել աշխատանքը։ Փորձեք ընդգծել հատկապես այն, ինչն անմիջականորեն կապված է ներկայումս դիտարկվող հաստիքի հետ:

Խորհուրդ ենք տալիս չպատասխանել ներքոնշյալ կերպ, քանի որ այդ դեպքում տպավորություն կստեղծվի, թե Դուք ուղղակի չգիտեք՝ ինչ պատմել Ձեր մասին։

  • «Դե Դուք հարցեր տվեք, ես կպատասխանեմ»
  • «Իսկ ի՞նչ եք ուզում, որ պատմեմ»
  • «Որտեղի՞ց սկսեմ»
  • «Այնքան շատ ասելու բան կա, Ձեզ ի՞նչն է հետաքրքիր»
  • և այլն:

Այս հարցին պատասխանելու մեկ այլ մոտեցում է «ներկա-անցյալ-ապագա» կառուցվածքը։ Մի փոքր խոսեք այն մասին, թե որտեղ եք հիմա՝ Ձեր ներկայիս պաշտոնը, պատասխանատվության շրջանակը և այլն, հետո գնացեք անցյալ ու մի քանի նախադասությամբ պատմեք Ձեր նախորդ փորձի, կրթության մասին: Վերջում ներկայացրեք կարիերայի նպատակները՝ այսինքն ինչ եք ակնկալում հաջորդիվ, միաժամանակ փորձելով ցույց տալ հետաքրքրությունը տվյալ պաշտոնում:

Հարց 2. Ի՞նչ գիտեք մեր ընկերության մասին

Այստեղ հարցազրուցավարին հետաքրքրում է ոչ թե այն, թե կոնկրետ ինչ գիտեք ընկերության մասին, այլ առհասարակ գիտե՞ք թե ոչ, կատարե՞լ եք ուսումնասիրություն: Նախորդ հոդվածում նշել էինք, որ մինչ հարցազրույցի գնալն ընկերությունն ուսումնասիրելը կարևոր է:

Երբ այս հարցը տրվում է, պետք չէ անգիր ասել ընկերության պատմությունը կամ այն ինչ կարդացել եք «Մեր մասին» բաժնում: Ընդհակառակը, համեմեք պատասխանը Ձեր վերաբերմունքում: Օրինակ. «Գիտեմ, որ միջազգային ՏՏ ընկերություն եք, Ֆրանսիայում ևս մասնաճյուղ ունեք: Ինքս ֆրանսախոս եմ ու շատ սիրում եմ այդ լեզուն, ուստի այդ փաստն ինձ հատկապես շատ հետաքրքրեց: Գուցե հնարավորություն ունենամ օգտագործել իմ լեզվական հմտությունները թիմի հետ հաղորդակցվելիս»:

Այսինքն ցույց տվեք, որ ժամանակ եք հատկացրել հարցազրույցին նախապատրաստվելու համար, հետևողական եք եղել նաև պատասխանելու այն հարցին, թե ինչու է տվյալ ընկերությունը Ձեզ համար ցանկալի։

Հարց 3. Ինչո՞ւ եք ուզում աշխատել մեզ մոտ

Այս ու նախորդ հարցերն իմաստային առումով մոտ են իրար: Այստեղ գործատուն ցանկանում է լսել տվյալ ընկերությունում աշխատելու Ձեր մոտիվացիան, ուստի սա ևս մեկ հնարավորություն է խոսել այդ մասին: Առհասարակ, փորձեք մինչ հարցազրույցն իրոք հասկանալ՝ ինչու եք հետաքրքրված տվյալ պաշտոնով:

Պետք չէ պատասխանել հետևյալ կերպ՝

  • «Դե ես աշխատանք եմ փնտրում»
  • «Անկեղծ ասած՝ ինքս էլ չգիտեմ»
  • «Դե հայտարարությունը տեսա, դիմեցի»
  • և այլն:

Խորհուրդ ենք տալիս պատասխանը բաժանել երկու մասի. առաջին մասով պատասխանեք, թե ինչն է Ձեզ գրավում ոլորտում (օրինակ. «Ցանկանում եմ տեղափոխվել ՏՏ ոլորտ, քանի որ այն շատ դինամիկ է ու արագ զարգացող»), երկրորդ մասով նեղացրեք պատասխանը դեպի ընկերությունում աշխատելու մոտիվացիան («…իսկ Դուք առաջատար ՏՏ ընկերություն եք, և Ձեր արտադրանքը լուրջ նշանակություն ունի մարդկանց կյանքի որակի համար. սա ինձ համար բավականին մոտիվացնող է»): Ի դեպ, եթե այս հարցը Ձեզ չի տրվում, այլ տրվում է միայն նախորդը, ապա կարող եք անուղղակիորեն սրան էլ պատասխանել՝ կապելով երկու հարցերն իրար:

Հարց 4. Ինչու՞ պետք է հենց Ձեզ ընտրենք

Սա մի փոքր խորամանկ հարց է: Սովորաբար օգտագործվում է սթրեսային հարցազրույցների ժամանակ կամ այն դեպքում, երբ ինքնաներկայացումը թեկնածուի գնահատման կրիտերիաներից մեկն է (օրինակ՝ սպասարկում, վաճառքներ և այլն): Խորհուրդ ենք տալիս այս հարցից խուճապի չմատնվել, այլ ճիշտ բալանսը պահել համեստության և ինքնավստահության միջև: Պետք չէ պատասխանել հետևյալ կերպ.

  • «Դե ես չեմ սիրում ինձ գովել, դա Դուք պետք է ասեք»
  • «Ես դժվարանում եմ խոսել իմ դրական կողմերի մասին»
  • «Որովհետև ես Հայաստանի ամենալավ կադրն եմ»
  • «Որովհետև ես մյուսներից առավել եմ իմ փորձի բազմազանությամբ»
  • «Որովհետև ես բարի եմ և սիրում եմ աշխարհը»
  • և այլն։

Ցույց տվեք, թե ինչու եք համապատասխան հաստիքին, այսինքն ընդգծեք Ձեր այն հատկանիշներն ու որակները, որ ներառված են աշխատանքային հայտարարության մեջ՝ որպես պարտադիր տիրապետելիք:

Կարծում ենք՝ արդեն բավականին երկար կարդացիք։ Չհոգնեցնելու համար, հոդվածը բաժանել ենք երկու մասի։ Երկրորդ մասում կանդրադառնանք հետևյալ հարցերին՝ «Որո՞նք են Ձեր ուժեղ և թույլ կողմերը», «Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը», «Որտե՞ղ եք Ձեզ պատկերացնում 5 տարի հետո», «Ինչո՞ւ եք ցանկանում փոխել աշխատանքը կամ ինչո՞ւ եք դուրս եկել նախորդ աշխատանքից» և «Որքա՞ն աշխատավարձ եք ակնկալում ստանալ»:

Unlisted

--

--

Magnus HR

Your daily source for HR & Recruitment excellence.🚀 Join us for knowledge that elevates. 🌎 Managed by Magnus - HR & Recruitment agency.